Երևանի թոփ-10 խնդիրները

Համաշխարհային փորձը

Փոշի

ՊԵԿԻՆ, ՉԻՆԱՍՏԱՆ

Խնդիր

Համաձայն ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի կազմակերպության (UN Environment) և Պեկինի՝ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության մունիցիպալ բյուրոյի (BEE) 2019 թվականի զեկույցի՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում՝ 2013-ից 2017 թվականներին, Պեկինում և շրջակա տարածաշրջանում մանր մասնիկների պարունակությունը օդում նվազել է համապատասխանաբար մոտ 35%-ով և 25%-ով:

Լուծում

Ի՞նչ է արել պետությունը․

  • օրենսդրական և իրավական մեխանիզմների մշակում և ներդրում
  • համակարգված քաղաքային պլանավորում
  • որակի բարձր չափանիշների ներդրում
  • վերահսկողության լայն հնարավորություններ
  • խնդրի վերաբերյալ հասարակության բարձր մակարդակի իրազեկվածություն

Արդիականությունը Երևանի համար

  • Օդի որակի մոնիտորինգի համակարգի ստեղծում (AQM), որն այժմ ունի ամբողջ քաղաքում տեղադրված շուրջ 1000 PM2.5 ընկալող-հաղորդող սարքեր. դրանք օգնում են ճշգրիտ բացահայտել բարձր արտանետումներով թաղամասերն ու ժամանակահատվածները:
  • Պեկինի ձգտումը համակարգել օդի աղտոտվածության դեմ պայքարի միջոցառումները շրջակա բնակավայրերի հետ: Համատեղ պլանավորման, միասնական չափանիշների, արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման և տեղեկատվության փոխանակման միջոցով օդի որակը ողջ տարածաշրջանում զգալիորեն բարելավվել է:

ՌՈՒՐԻ ՄԱՐԶ, ԳԵՐՄԱՆԻԱ

Խնդիր

Սկսած 1950-ական թվականներից՝ Գերմանիայի Ռուրի մարզում ձուլարաններն արտանետում էին ծծմբի երկօքսիդի և պղնձի մասնիկներ, որոնք տարածվում էին շրջակա միջավայրում և անտառներում:

Լուծում

Աշխատողները, բժիշկները և գիտնականները ստեղծեցին քաղաքացիական ասոցիացիա, որը պայքարում էր օդի որակի բարձրացման համար, քանի որ նրանք այլևս չէին ցանկանում համակերպվել սիլիկոզի, ասթմայի, քաղցկեղի, երեխաների թերաճության և չորացող այգիների հետ: Ռուրի ագլոմերացիայում փոշու դեմ պայքարը նաև նշանավորվեց նոր քաղաքական ուղղությամբ 1950-ականներին. երեխաներին և քաղաքային միջավայրը պաշտպանելու իրենց գործողություններով մարդիկ ամուր հիմքեր դրեցին նացիզմից հետո ժողովրդավարության կառուցման համար:

Արդիականությունը Երևանի համար

Թերևս Երևանում փոշու դեմ պայքարի միջոցներից մեկը հենց այսպիսի քաղաքացիական նախաձեռնություններն են, որոնք կհամախմբեն տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների և տեղեկատվություն կտարածեն բնակչության և թիրախային խմբերի շրջանում: Առավել ևս, որ նմանատիպ փորձ արդեն գոյություն ունի, օրինակ՝ CSN lab-ը:

ՍԵՈՒԼ, ԿՈՐԵԱ

Խնդիր

Կորեան հայտնի է օդի աղտոտվածության դեմ պայքարի իր ժամանակակից մեթոդներով: Դրանց էությունը կայանում է նրանում, որ 5G ցանցին միացված ռոբոտները սկանավորում են արդյունաբերական համալիրները՝ դրանցում օդի որակը վերահսկելու համար, իսկ արբանյակային մոնիտորինգի համակարգը հանրությանը տրամադրում է օդի որակի տվյալներ առցանց ռեժիմով:

Քաղաքը նաև հայտարարել է Սեուլում առաջին «քամու արահետների անտառը» ստեղծելու ծրագրերի մասին՝ գետերի և ճանապարհների երկայնքով միմյանց մոտ ծառեր տնկելով՝ օդը դեպի քաղաքի կենտրոն ուղղելու նպատակով: Ակնկալվում է, որ սոճիների և թխկիների անտառը պետք է կլանի օդում գտնվող պինդ մասնիկները և զով քամի հասցնի դեպի Սեուլի կենտրոն: Նման անտառներ նախատեսվում է տնկել գետերի և փողոցների երկայնքով։ Այդպիսով դրանք կբացեն «քամու ճանապարհը», որպեսզի Գվանաքսանի ու Բուխանսանի լեռներում գիշերը գոյացած մաքուր ու զով օդը թափանցի Սեուլի կենտրոն։ Քաղաքն արդեն Սեուլի գլխավոր երկաթուղային կայարանի վրա գտնվող լքված կամուրջը վերածել է բարձրադիր դենդրոպարկի:

Մինչև 2030 թվականը ընկերությունը հույս ունի ավելացնել կանաչապատ տարածքների մակերեսը 30%-ով և ապահովել, որ ճանապարհորդության կայուն եղանակներն, ինչպիսիք են ոտքով քայլելը, հեծանիվով և հասարակական տրանսպորտով տեղաշարժվելը, կազմեն բոլոր ուղևորափոխադրումների 80%-ը:

Արդիականությունը Երևանի համար

«Քամու արահետների անտառի» գաղափարը միանգամայն կիրառելի է Երևանի համար, հատկապես եթե հիշենք, որ Հրազդանի կիրճն արդեն գոյություն ունի, և խորհրդային տարիներին Արծվին Գրիգորյանի մտահղացումը հենց նրանում էր, որ կիրճը ծառայի որպես քաղաքի թոքեր։ Հիմա դա Հրազդան-ձորն է՝ կիսալքված մի գոտի, որի լանջերին կարելի է ծառեր տնկել, որպեսզի զով ու մաքուր օդը թափանցի քաղաք։

ՍԻՆՉՈՒԱՆ, ՉԻՆԱՍՏԱՆ

Խնդիր

Չինաստանի Սինչուան նահանգը հանքարդյունաբերական աշխատանքների հետևանքով փոշու լուրջ խնդրի առջև էր կանգնած։

Լուծում

Իշխանությունները լուծել են այս խնդիրը՝ հանքարդյունաբերական հաստատություններում փոշու կլանման համակարգերի խիստ չափորոշիչներ սահմանելով, ինչպես նաև հանքերի շուրջ պարտադիր ծառատունկի միջոցով՝ քամու էրոզիան նվազեցնելու համար: Այս միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ էապես նվազեցնել փոշու մակարդակը և բարելավել օդի որակը քաղաքում։

Արդիականությունը Երևանի համար

Կարծես թե, հանքերի շուրջ ծառատունկ իրականացնելու միտքը կիրառելի չէ Երևանի դեպքում, քանի որ այստեղ հողը շատ չոր է։ Իսկ խիստ չափորոշիչներն ու իշխանությունների կողմից վերահսկողությունը հիանալի ռազմավարություն է, որն արժե որդեգրել։

ՏԵՄՊԵ, ԱՄՆ

Խնդիր

Արիզոնայի Տեմպե քաղաքը նույնպես բախվել է հանքարդյունաբերության, այդ թվում՝ ավազահանքերի գործունեության հետևանքով առաջացած փոշու խնդրի հետ:

Լուծում

Իշխանությունները փոշու մակարդակի վերահսկման խիստ պահանջներ են ներդրել և պահանջել են օգտագործել հանքարդյունաբերության խոնավ մեթոդներ՝ փոշու արտանետումները նվազեցնելու համար: Բացի այդ, ձեռնարկվել են հանքերի կանաչապատման աշխատանքներ՝ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

Արդիականությունը Երևանի համար

Այս դեպքը հետաքրքիր է այնքանով, որ սահմանափակվել է արդյունաբերության մեթոդը, սակայն, հավանաբար, դա հնարավոր չէ կիրառել Երևանի շրջակայքի բոլոր հանքերի նկատմամբ՝ ֆինանսական և տեխնոլոգիական հանգամանքների պատճառով:

ՄԵԼԲՈՒՐՆ, ԱՎՍՏՐԱԼԻԱ

Խնդիր

Հանքարդյունաբերության փոշու դեմ պայքարելու համար Մելբուրնում օգտագործվում է նորարարական տեխնոլոգիա:

Լուծում

Օգտագործվում է հատուկ կենսաբանական փրփուր արտանետող սարքավորում, որն արտանետում է ջրի ցածր պարունակությամբ փրփուր և չեզոքացնող նյութեր: Սա թույլ է տալիս կապել փոշու մասնիկները և խոնավեցնել դրանք, ինչը թույլ չի տալիս, որպեսզի դրանք տարածվեն օդում:

Արդիականությունը Երևանի համար

Սա բավականին թանկ տեխնոլոգիա է, որի գինը սկսվում է մի քանի հազար դոլարից։ Սակայն, եթե կառավարությունը գոնե մասամբ սուբսիդավորի նման սարքավորումների ձեռքբերումը, կարծում եմ, որ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները կարող են այն իրենց թույլ տալ։ Հետաքրքիր կլիներ նաև, եթե Հայաստանն ինքը փորձեր արտադրել նման սարքավորումներ։

https://www.quarrymagazine.com/2011/01/11/a-portable-answer-to-dust-suppression/

ՏՈՐՈՆՏՈ, ԿԱՆԱԴԱ

Խնդիր

Տորոնտոյի շրջակայքում գտնվող հանքերում փոշու արտանետման վերահսկման միջոցներ են ձեռնարկվել։ 2023 թվականի հունիսին Տորոնտոյի օդի որակի ինդեքսը (AQHI) երրորդ մակարդակից, ինչը համարվում է «ցածր ռիսկ», բարձրացել է մինչև յոթերորդ մակարդակ, որն արդեն «բարձր ռիսկային» գոտի է։ Ակնկալվում է, որ այդ ինդեքսը կտատանվի 6-ից 7-րդ մակարդակների միջակայքում:

Լուծում

Հանքարդյունաբերական աշխատանքների ընթացքում փոշու մասնիկների տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով օգտագործվում են ջրի ցողման և փոշու ճնշման համակարգեր: Ցավոք, այս միջոցառումները բավարար չէին 2023 թվականին Տորոնտոյում օդի որակը զգալիորեն բարելավելու համար, քանի որ օդի աղտոտման հիմնական պատճառը անտառային հրդեհների ծուխն էր։

Արդիականությունը Երևանի համար

Տորոնտոյի օրինակը ցույց է տալիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերլուծության կարևորությունը՝ օդի աղտոտվածության հիմնական պատճառները բացահայտելու (Երևանի դեպքում՝ հանքերի մոնիտորինգ, քարտեզագրում և տվյալների վերլուծություն) և օդի աղտոտվածության դեմ պայքարի նպատակային միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով։