Երևանի թոփ-10 խնդիրները

Խնդրի վերլուծությունը

Փոշի
Քամոտ եղանակին Երևանը պատվում է փոշով, որը լցվում է մարդկանց աչքերը, անցնում թոքեր, ինչը, իհարկե, կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների։ Հայաստանի առողջապահության նախարարությունը նշում է, որ, սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները՝ սրտի իշեմիկ հիվանդությունները և ինսուլտները, հնարավոր են սուր և քրոնիկ շնչառական հիվանդություններ, անգամ թոքերի քաղցկեղ։

Շվեյցարական IQAir ընկերության՝ աշխարհում օդի որակի վերաբերյալ զեկույցի[1] համաձայն՝ 2022 թվականին Հայաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը ամենաաղտոտված օդ ունեցող 131 երկրների շարքում։ Աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշի համաձայն, որն ամեն տարի կազմում է Յելի համալսարանի Բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը (Yale Center for Environmental Lawand Policy), 2018 թվականին Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 63-րդ տեղը, իսկ 2023 թվականին նահանջել է դեպի 102-րդ հորիզոնական։ Երևանը ճանաչվել է Հայաստանի ամենակեղտոտ քաղաքը։

[1] World's Most Polluted Countries in 2022 - PM2.5 Ranking | IQAir
Այսպիսով, ի՞նչն է ազդում օդի որակի վատթարացման և դրանում փոշու բարձր մակարդակի վրա։ Ինչպե՞ս կարելի է վերացնել այդ պատճառները: Եկեք պարզենք։

Այս երեւույթի պատճառները կարելի է բաժանել երկու մասի՝ արտաքին և ներքին։

ՓՈՇՈՒ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ոչ մետաղական նյութերի հանքեր

Երևանում փոշու հիմնական աղբյուրը քաղաքի շրջակայքում գործող 19 հանքերն են։ Այստեղ պետք է հասկանալ, որ դեպի Երևան եկող փոշու մեջ ծանր մետաղներ են պարունակվում, թեկուզև նվազագույն քանակությամբ։

Ինչպե՞ս վարվել: Փակել բոլոր հանքերը, ծածկել դրանք հողով և սիզամարգ ու ծառեր տնկել: Սա կատարյալ լուծում կլիներ:

Իսկ գործնականում հանքի տարածքից փոշու տարածումը սահմանափակելու արդյունավետ միջոցներից մեկը պատնեշների տեղադրումն է։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր հանքի շուրջ 20 մետր բարձրությամբ մետաղական պատնեշներ: Եթե ​​քաղաքապետարանը չկարողանա պատնեշներ կառուցել գործող հանքերի շուրջ, ապա կարելի է գոնե սահմանափակել դրանց աշխատանքը՝ սեփականատերերին ստիպելով նման պատնեշներ տեղադրել։ Բացի այդ, կարելի է ավելացնել նաև փոշու ճնշման համակարգ՝ բարձր ճնշման տակ ջուր ցողելու միջոցով։

Երևանը հանքերի փոշուց պաշտպանելու լրացուցիչ և անհրաժեշտ միջոց կարող է դառնալ քաղաքի շուրջ կանաչ շերտերի՝ մի քանի կիլոմետր լայնությամբ անտառաշերտերի ստեղծումը։ Հենց դրանք էլ կդառնան քաղաքի բնական պաշտպանությունը փոշուց։ Բացի այդ, անտառային գոտիները նաև ծառայում են որպես քաղաքը աղբավայրերի հոտերից պաշտպանող զտիչ մեխանիզմ:

Եվ ամենակարեւորը՝ քաղաքը պետք է որոշի հանքերի և քաղաքի միջև ընկած նվազագույն տարածությունը։ Օրինակ, Երևանում կա մի հանք, որը գտնվում է բնակելի շենքերից ընդամենը 500 մետր հեռավորության վրա։

ՓՈՇՈՒ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

1. Շինհրապարակներ
2. Ամայի տարածքներ քաղաքում
3. Բաց հողատարածքներ
4. Քաղաքում գործող գործարաններ

Շինհրապարակներ

Շինարարական աշխատանքները միշտ ուղեկցվում են փոշու արտանետումներով, սա անխուսափելի գործընթաց է։ Սակայն, իհարկե, հնարավոր է նվազեցնել դրանք։

1. Հողային, բեռնման կամ քանդման աշխատանքների ժամանակ պետք է օգտագործվի փոշու ճնշման համակարգ:

2. Բոլոր շինհրապարակները պետք է հագեցած լինեն անիվների լվացման սարքավորումներով: Շինհրապարակից դուրս եկող ցանկացած մեքենայի անիվները պետք է լվացվեն: Երևանում որոշ շինհրապարակներում (օրինակ՝ Կոմիտասի պողոտայում) լվանում են բեռնատարների անիվները, սակայն դա բացարձակ անարդյունավետ է, քանի որ շինհրապարակում բացակայում է թեքահարթակը, որի վրա պետք է կանգնեն մեքենաները։

3. Շինհրապարակում սորուն (թափվող) նյութերի պահեստավորման ծավալը պետք է սահմանափակվի:

4. Սորուն նյութերի տեղափոխումը առանց փակ հովանոցի ինքնաթափերով պետք է արգելվի: ՀՀ-ում կան համապատասխան օրենքներ և պահանջներ, սակայն ոչ բոլոր փոխադրողներն են պահպանում դրանք։

Եվ որպեսզի այս ամենն աշխատի, անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկող մարմինների աշխատանքը։

Ամայի տարածքներ քաղաքում

Երևանում մեծ թվով ամայի տարածքներ, լքված շինհրապարակներ, ավտոկայանատեղեր, անխնամ այգիներ կան։ Որպես կանոն, հողն այնտեղ չորացած է և ծածկված է ավազով, մանր խճաքարով: Հենց այս նյութերի մասնիկներն են, որ ուժեղ քամու ժամանակ այդքան ցավոտ հարվածում են աչքերին։
Մասնավոր հողատարածք
Անհրաժեշտ է մշակել մասնավոր հողատարածքների վիճակի համար պատասխանատվություն սահմանող օրենք։ Դա վերաբերում է լքված և գործող շինհրապարակներին, բնակելի առանձնատների հողատարածքներին, ավտոկայանատեղերին, ավտոճանապարհներին և հասարակական վայրերին: Բացի այդ, ողջ ավազի և խճաքարի ծածկույթը պետք է փոխարինել ասֆալտե կամ բետոնե ծածկույթով, սալիկներով կամ սիզամարգով և այլն:
Բնակելի տներին հարակից հողամասեր
Վերջին երեսուն տարիների ընթացքում քաղաքի բնակիչները կամայականորեն սեփականաշնորհել են իրենց տների հարակից հողատարածքները։ Ոմանք յասաման են տնկել, իսկ մյուսները՝ ժանգոտ երկաթե երկու մետրանոց ցանկապատներ։ Քաղաքային իշխանությունը կարող է դիտարկել տնամերձ հողամասերը բնակիչների սեփականությանը հանձնելու հնարավորությունը։ Այդպիսով, հնարավոր կլիներ խնայել կանաչ տարածքների մաքրման, տնկման և վերամշակման համար նախատեսված քաղաքի բյուջեն: Դա կդառնա բնակիչների պատասխանատվությունը։

Սակայն հողատարածքների փոխանցումը բնակիչներին պետք է ուղեկցվի խիստ պահանջներով.

● Ցանկապատների տեղադրման արգելք,
● Պարարտանյութերի օգտագործման արգելք,
● Պատասխանատվություն՝ բույսերը չխնամելու և աղբահանություն չիրականացնելու դեպքում,
● Եվ, որ ամենակարեւորն է, բաց գրունտային եւ մանրախճային-ավազային հողատարածքի արգելք։ Ողջ տարածքը պետք է լինի կանաչապատ, սալիկապատ կամ ծածկված լինի բետոնով կամ խոշոր խճաքարերով:

Բաց հողատարածքներ

Քաղաքում փոշու հաջորդ հիմնական աղբյուրը սիզամարգերն ու ծառերն են, ավելի ճիշտ՝ այն, որ դրանք չեն համապատասխանում նորմերին և չափորոշիչներին։ Սիզամարգերի չորացած հողը, ինչպես նաև չորացած տերևները քամու ժամանակ բարձրանում են օդ։ Քաղաքն արդեն սկսել է կանաչապատման գործընթացը՝ քաղաքապետարանը նոր ծառեր ու ծաղիկներ է տնկում, բայց, ցավոք, աշխատանքները պատշաճ կերպով չեն իրականացվում։ Հիմնական սխալները թվարկված են ստորև.

1. Ծառի բնի շուրջ գետնին տեղադրված վանդակաճաղեր

Քաղաքի մայթերին գտնվող ծառերի 99%-ի բների շուրջ տեղադրված չեն վանդակաճաղեր։ Վանդակաճաղերը փակում են հողը, թույլ չեն տալիս, որպեսզի այն չորանա և դուրս գա մայթ: Հիմնականում ճաղերի միջև անցքերը պատում են սիզամարգով, ծաղիկներով կամ տորֆով: Բացի այդ, վանդակաճաղը հարթեցնում և լայնացնում է մայթը, ինչպես, օրինակ, Մաշտոցի պողոտայում։

2. Սիզամարգեր

Երեւանի փողոցների՝ կանաչապատման համար հատկացված բոլոր հատվածները պետք է ծածկվեն կանաչով։ Երևանում ստեղծված իրավիճակը թերի է հետևյալ պատճառներով.

● Նախ՝ սիզամարգերի սխալ թեքությունը․ մայթերից ջուրը պետք է հոսի դեպի սիզամարգ, ոչ թե հակառակը։

● Երկրորդ՝ «անօրինական» արահետները։ Ճիշտ նախագծված քաղաքում մարդիկ պետք է քայլեն այնտեղ, որտեղ իրենց հարմար է։ Իսկ Երեւանի քաղաքապետարանը ցանկապատեր տեղադրելու փոխարեն պետք է օրինականացնի և բարեկարգի նման արահետները։ Եթե ​​քաղաքը կորցնի երկու քառակուսի մետր սիզամարգ, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։ Մինչդեռ այդ աննշան թվացող հողատարածքից քաղաքը կանոնավոր կերպով ստանում է փոշու և կեղտի տպավորիչ չափաբաժին:

● Երրորդ՝ մեքենաների կայանումը սիզամարգերի վրա: Մեքենան կանգնում է սիզամարգի վրա, հողի վերին շերտն անցնում է անիվներին և տարածվում ամբողջ քաղաքով: Այս խնդիրը կարելի է լուծել տուգանքների ու մայթերին սյուներ տեղադրելու միջոցով։

● Չորրորդ՝ միամյա բույսերը։ Քաղաքներում սովորաբար միամյա բույսեր չեն տնկում: Սկսենք նրանից, որ դրանք շատ թանկ են քաղաքի համար․ ավելի մանրակրկիտ խնամք են պահանջում, ապրում են մի քանի ամիս և դրանց համար պետք է տարեկան բյուջե հատկացնել։ Ուշադրություն դարձրեք, որ այդ ծաղիկների շուրջը բաց հող է: Շոգ օրերին դրանից փոշի է բարձրանում, իսկ ոռոգման կամ անձրեւների ժամանակ հողը լցվում է մայթին կամ ճանապարհին։ Միակ ճիշտ լուծումը․ քաղաքը պետք է հրաժարվի միամյա բույսերից հօգուտ բազմամյա բույսերի։

● Հինգերորդ՝ թափառող շները, որոնք փորում են հողը։

Քաղաքում գործող գործարաններ

Գործարանների դեպքում իրավիճակը նույնն է, ինչ հանքերի պարագայում․ հարկավոր է սահմանափակել դրանց արտանետումները և տեղափոխել քաղաքից դուրս։ Ներկայումս, օրինակ, Արղության 22 հասցեում գործում է բետոնի գործարան։