Երևանի թոփ-10 խնդիրները

Խնդրի վերլուծությունը

շներ
Թափառող շները դարձել են այսօրվա Երևանի խորհրդանիշը։ Նրանք հանգիստ պառկած են այգիներում, մայթերին և հետիոտնային անցումներին։ Նրանք քայլում են քաղաքի կենտրոնում, ծայրամասում, մոտենում են այցելուներին ամառային սրճարաններում: Նրանց սիրում են քաղաքի բնակիչները, կերակրում և խաղում են նրանց հետ։

Բայց այս պատկերն ունի մեկ այլ կողմ ևս: Թափառող շները մարդու և կենդանիների համար վտանգավոր ավելի քան երեք հարյուր հիվանդությունների հարուցիչների աղբյուր են: Դրանք են, օրինակ, կատաղությունը, քոսը, լեպտոսպիրոզը, տոքսոպլազմոզը, դիֆիլոբոտրիոզը, օպիստորխոզը, տենիոզը, տրիխինոզը, էխինոկոկոզը, տոքսասկարիդոզը, տոքսոկարոզը և այլն:

Շները հարձակվում են մարդկանց, հեծանվորդների, ընտանի կենդանիների վրա։ Նրանք փողոցով քարշ են տալիս աղբը աղբամաններից, փորում են հողը ծաղկաթմբերի շուրջ: Նրանք ջուր են խմում քաղաքային ցայտաղբյուրներից, որոնց դիպչում են նաև քաղաքացիները։ Երբեմն նրանք ագրեսիվ են՝ հաչում և մռնչում են։

Որոշ մարդիկ ունեն կինոֆոբիա՝ վախ շներից, իսկ մյուսները՝ ալերգիա: Սա առաջացնում է անհանգստություն և ստիպում քաղաքացիներին լինել ավելի զգոն: Արդարացված վախ կա երեխային միայնակ դուրս թողնել կամ զբոսնել ընտանի կենդանու հետ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ քաղաքն անհարմար է դառնում քաղաքացիների զբոսանքի և հանգստի համար։

Թափառող շների դեմ պայքարի այսօրվա մեթոդը հետևյալն է. որսում — ստերիլիզացում — վերադարձ դեպի փողոց: Մեթոդը մարդասիրական է, բայց այդ պրակտիկան հանգեցրել է Երևանի այսօրվա պատկերին։ Նմանատիպ մեթոդ է կիրառվում Հնդկաստանում, Բուլղարիայում, Հունաստանում և այլն։

Մեկ այլ միջոց է անվերադարձ որսումը. Թափառող շներին տեղավորում են մասնավոր կամ քաղաքային բուծարաններում: Իրավիճակի հետագա զարգացման երկու սցենար կա՝

1. Շների համար նոր տերեր գտնելը;

2. Էֆթանազիա՝ 6 ամիս պահումից հետո: Այս մեթոդը էթիկական են համարում կենդանիների պաշտպանության խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են Կենդանիների պաշտպանության միջազգային ընկերությունը, HSUS-ը և PETA-ն: Նրանք ելնում են այն հռետորաբանությունից, որ էվթանազիան ավելի մարդկային է, քան վերադարձը թշնամական միջավայր, որտեղ մահը կլինի, եթե ոչ ավելի արագ, ապա ավելի դաժան:

Բայց նույնիսկ էվթանազիան օգտագործվում է միայն այն դեպքում, երբ առկա բուծարանները չունեն բավարար տեղեր բոլոր քաղաքային շների համար՝ պայմանավորված բուծարանների ցածր ֆինանսավորմամբ, և կենդանիներին պահելու համար անհրաժեշտ միջոցների սակավությամբ:

Բարեբախտաբար, "Կենդանիների խնամքի կենտրոն" ՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ առաջիկայում Երևանում նախատեսվում է կառուցել շների 4-5 ապաստարան:

Բայց խնդրի աղբյուրը, իհարկե, կենդանիները չեն: Խնդիրը, ցավոք, մարդկանց մեջ է։

Թափառող շների մեծ մասը փողոց նետված ընտանի կենդանիներ են: Եվ առաջին բանը, որ պետք է անել Հայաստանում, դա շների պահպանման համար սեփականատերերի պատասխանատվության մասին օրենքների խստացումն է։ Նման պատասխանատվությունը ներառում է կենդանիների հաշվառում, գրանցում և խախտումների համար խոշոր դրամական տուգանքներ: Կարևոր է շներին տալ իրավական կարգավիճակ, ինչպես դա արվում է, օրինակ, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Նոր Զելանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Շվեյցարիայում: